Պլանշետները նախակրթարանում

Հեղինակ՝ Յուրա Գանջալյան:
Աղբյուրը՝ Դպիր:

Մանկավարժներին և ծնողներին վերջին տարիներին հուզում է այն հարցը, թե արդյոք ո՞ր տարիքի երեխաների զարգացմանը կարող են նպաստել տեղեկատվական թվային միջոցները: Ամերիկայի մանկաբուժական ակադեմիայի խորհուրդը միաձայն պնդում է, որ արգելվում է էկրանային պատկերները հասանելի դարձնել երեխաներին մինչև նրանց երկու տարեկան դառնալը: Մինչև երկու տարեկան երեխաների ուղեղները զարգանում են կենդանի շփումներով և ֆիզիկական միջավայրում` չկանոնակարգված խաղերով: Բարձրորակ ինտերակտիվ մեդիա միջավայրը կարող է բարելավել երեխայի սոցիալական, լեզվական կարողությունները և նույնիսկ նախապատրաստել դպրոցին միայն երկու տարեկանից ավելի բարձր հասակում: Այդուհանդերձ, նախակրթարանային տարիքի երեխաների կրթության ամերիկյան ազգային միությունը և Ֆրեդ Ռոջերսի` վաղ հասակում կրթության ու մանկական մեդիայի կենտրոնը միասնաբար պնդում են, որ պետք է բացառել վաղ հասակի երեխաների կողմից պլանշետների և այլ թվային միջոցների պասիվ, ոչ ինտերակտիվ օգտագործումը առանց մեծահասակների բանիմաց ուղղորդման և համապատասխան ինտերակտիվ համակարգչային ծրագրերի: Դեռ խորը ու հիմնավորված ուսումնասիրություններ չեն արվել այս ասպարեզում, բայց մտավախություն կա, որ մեդիայի պասիվ օգտագործումը վաղ տարիքային հասակում կարող է հանգեցնել խոսքի զարգացման հապաղման, գիրացման, ապասոցիալականացման, ուշադրության խնդիրների և նույնիսկ կանոնավոր քնի խանգարման, բայց այն արդեն մեր կյանք է մտել, և երեխան կօգտագործի այն՝ անկախ մեծահասակների կամքից: Մեր կարևոր գործն այն է, թե ինչպես այն ճիշտ օգտագործվի, որպեսզի թվարկած բացասական ազդեցությունները նվազագույնի հասցվեն, և կիրառումը առավելագույնս նպաստի երեխայի զարգացմանը:

Ամերիկյան մանկավարժական «Highscope» էլեկտրոնային ամսագիրը առաջարկում է հետևյալ սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվել, երբ գործ ունենք նախակրթարանային տարիքի երեխաների հետ.

Յուրաքանչյուր սկզբունքը նշելուց հետո հնարավորինս հիմնավորում ենք մեր կրթահամալիրային փորձով.

  • Տեխնոլոգիան պետք է չափավոր օգտագործվի. պետք չէ նրանով լիովին փոխարինել իրական ուսումնական նյութերը, որոնք ապահովում են ֆիզիկական, զգայական, մտավոր և սոցիալական ամբողջ փորձառությունները:
    Այս սկզբունքը լիովին պահպանվում է մեր կրթահամալիրի նախակրթարաններում: Սաները օրվա մեծ մասը իրական մանկական աշխույժ կյանքով են ապրում:
  • Տեխնոլոգիան պետք է ինտերակտիվ լինի և զարգացնի բացահայտումով սովորելը, ստեղծականությունը՝ շեշտը չդնելով կրկնողական վարժանքների վրա:
    «Այսօր նախագծային ուսուցման երկրորդ օրն էր, ըստ մեր աշխատանքային նախագծի, սովորողների հետ նոր պլանշետներով ներբեռնեցինք ծրագիր, որը թույլ էր տալիս գունավորել և զարդարել զատկական ձվիկներ: Մենք աշխատում էինք, իսկ «Արմթաբ» ընկերությունը նկարահանում էր իր գովազդային տեսահոլովակը»:
  • Տեխնոլոգիան պետք է սոցիալական շփման, փոխազդեցության կատալիզատոր (խթանիչ) լինի: Այն պետք է թվային սարքը և ծրագիրը միասին օգտագործելու, միմյանց օգնելու, փորձը փոխանցելու հնարավորություն տա երեխաներին:
    Տպավորությունն այնպիսին է, որ ամերիկացի փորձագետները այս սկզբունքները գրելուց առաջ 2016-ի փետրվար-մարտ ամիսները մեր կրթահամալիրում են անցկացրել: Ահա, երրորդ դասարանցիները պլանշետներով շախմատ խաղալ են սովորեցնում երեք տարեկաններին:

Կարեն Քոքսը՝ նախակրթարանի դաստիարակ Ջորջիա նահանգից, իր 70,000 գրանցված օգտատեր ունեցող կայք-էջում հոդված է հրապարակել Չիկագո քաղաքի դպրոցներից մեկի նախակրթարանի դաստիարակ Բրայան Փյուրլինգի (Brian Puerling) «Ուսուցանումը թվային տարիքում՝ 3 տարեկանից մինչև 3-րդ դասարան» գրքի 8-րդ գլխի վերաբերյալ, որն այսպես է վերնագրված «Շարժական բազմակի հպումով թվային սարքերը աշխարհը մոտեցնում են մեր մատների ծայրերին»: Կարեն Քոքսն իր հոդվածն սկսում է գոհունակություն արտահայտելով առ այն, որ Փյուրլինգը իր գրքում չի կենտրոնանում համակարգչային խաղերով հագեցած պլանշետի օգտագործման ձևերի վրա: Նա այն կարծիքին է, որ երեխաները, միևնույնն է, այդ խաղերը բավականաչափ տանն են խաղում: Նա այն կարծիքին է, որ մեր մանկավարժների կարևոր գործն այն կլինի, թե ինչպես այն ճիշտ օգտագործեն: Անօգուտ է երեխային ասել. «Պլանշետը մեծերի համար է, քեզ համար չէ»: Կարեն Քոքսն իր հոդվածում ներկայացում է Նախակրթարանում պլանշետների օգտագործման Բրայան Փյուրլինգի փորձը՝ հիմնական դրույթները, որոնք կարող են օգտակար լինել նախակրթարանի դաստիարակների համար: Ներկայացնելով նրանց փորձը՝ ես զուգահեռաբար ներկայացնելու եմ նաև այն, ինչն արդեն արվում է մեր կրթահամալիրի նախակրթարաններում:

  1. Հեշտացնում ենք սաների խոսքը՝ նկարներ դիտելով

Պլանշետը շրջապատող աշխարհը ճանաչելու համար լայն հնարավորություններ է տալիս: Ոչ մի դասագիրք չի կարող բույսերի, ծաղիկների, կենդանիների այդքան շատ լուսանկարներ պարունակել, որքան պլանշետը: Ուսուցումն ավելի հետաքրքիր է դառնում, երբ սաներն իրենք են լուսանկարում իրենց պլանշետներով: Խորհուրդ է տրվում պլանշետներով գնալ էքսկուրսիա դեպի բնության գիրկը տարբեր եղանակներին` գարնանը՝ ծաղկած ծառերով, ամռանը՝ բազմագույն ու բազմապիսի ծաղիկներով, աշնանը՝ երփներանգ տերևաթափով, ձմռանը՝ ձյունապատ դաշտերով ու մշտադալար եղևնիներով հիանալու: Մոտիկից ու մեծ պլանով լուսանկարելով տարբեր ծառերի տերևներ, կարելի է տերևների ձևով ծառաճանաչման տեղեկատու ստեղծել: Այստեղ ես կավելացնեի, որ կարելի է գնալ կենդանաբանական այգի և արդյունքում կունենանք կենդանիների ճանաչման տեղեկատու: Սաների համար շատ ավելի է հեշտանում խոսելը, երբ դիտում են իրենց պլանշետներով արված լուսանկարները:

 

Կրթահամալիրային փորձը: Նոր դպրոցի նախակրթարանի դաստիարակ Աննա Ստեփանյանն գրում է իր բլոգում. «Այս շաբաթ նախատեսված էր ներքին բակում ստեղծել մեր դասարանական ծաղկանոցը: Պլանշետների ֆոտոխցիկներն անհարժեշտ էին ֆիքսելու ծաղկանոցի ստեղծման աշխ

ատանքները, ինչն էլ առանց միջամտության կատարեցին մի խումբ սովորողներ»:

  1. Պլանշետների միջոցով երեխաները առնչվում են գրականության հետ

Խորհուրդ է տրվում պլանշետներում ստեղծել «Ունկնդրելու կենտրոններ», որտեղ երեխաները կարող են մատով խփել էջերին տարբեր հեքիաթների նկարներին և լսել հեքիաթների ձայնագրությունները և մի օրինակէ բերվում:

Կրթահամալիրային փորձը: Անահիտ Հարությունյանի ստեղծած «Բզեզ» ենթակայքում հատուկ տեղ է հատկացված այս գործունեությանը: Դեռ ավելին՝ երեխաները կարող են կարդալ Արեգ Պարսիլյանի, Վիկա և Անի Մինասյանների ընթերցարանները, պատասխանել դրանցում գրված հարցերին և ստեղծել իրենց գիր-օրագիրը:

  1. Պլանշետները զարգացնում են երեխաների երաժշտական ունակությունները

Պլանշետներում ներբեռնվում են մանկական ինտերակտիվ երգեր, երաժշտական ռիթմը զգալու վարժանքներ, ինչպիսին են, օրինակ, Wheels on the Bus երգը և ռիթմիկ մեքենա Monkey Drum-ը: Այստեղ մոտ 10000 ռիթմիկ խփոց է ձայնագրված՝ աստիճանական բարդեցմամբ: Երեխաները լսում են խփոցները և փորձում են կրկնել:

Կրթահամալիրային փորձը: «Բզեզ»-ում առկա են երգ և պար բաժինները: Պարը դեռ ստեղծման փուլում է, իսկ «երգ»-ը արդեն ունի մի քանի անգլերեն և Կոմիտասի մանկական երգերը, որոնք ձայնագրվել են մեր կրթահամալիրում:

  1. Նկարչական ունակությունների զարգացումը պլանշետներով

Առաջարկվում է պլանշետներում ներբեռնել Penultimate ծրագիրը, որը հնարավորություն է տալիս երեխաներին ձեռագիր գրել և նկարել էկրանի վրա: Այս ծրագիրը ինչ-որ ձևով մեղմ հակափաստարկ է պլանշետով աշխատելու ընդդիմախոսների այն պնդումին, որ չի զարգանում երեխայի ուղեղի և մատների շարժումների փոխկապակցվածությունը: Ասում եմ մեղմ, որովհետև, այնուամենայնիվ, խորհուրդ չի տրվում լիովին հրաժարվել մատիտներից, թղթից, ջրաներկից ու պլաստիլինից:

Կարծում եմ, որ այս ծրագիրը հարկ է ներբեռնել կրթահամալիրում օգտագործվող պլանշետներում:

Պլանշետը հնարավորություն է տալիս երեխաներին աստիճանաբար ծանոթացնել նաև մեծ նկարիչների գործերին՝ Art Authority ծրագրի օգնությամբ:

  1. Տեսաֆիլմերի ստեղծում պլանշետներով

Պլանշետները հնարավորություն ունեն նաև տեսաֆիլմեր նկարելու՝ օգտագործելով imovie պլանշետներով նկարահանած տեսաֆիլմերի մոնտաժման ծրագիրը: Նախակրթարանի սաները կարող են նկարահանել, իսկ դաստիարակները այս ծրագրով արդեն կարող են մոնտաժել և ստեղծել ֆիլմն իր վերջնական տեսքով:

Առաջարկում եմ կրթահամալիրի «5-6 տարեկանի ուսումնական ծրագրի» աշխատակարգի «Ուսումնասիրության թեմաներ» բաժնում հաշվի առնել նաև imovie ծրագիրը:

Եզրահանգում

Հաճելի է, երբ այլոց մանկավարժական առաջավոր փորձն ուսումնասիրելիս պարզվում է, որ մեր փորձը նույնպես արժանի է ուսումնասիրման ու գնահատման: Ընդամենը երկու ամիս է անցել, կրթահամալիրի դպրոց-պարտեզներում սկսվել է իրականանալ «5-6 տարեկանի ուսումնական պլանշետ» նախագիծը, բայց արդեն բավականին գործ է արված՝ շնորհիվ նախագծի համակարգող Անահիտ Հարությունյանի և նախակրթարանների դաստիարակների: Հաջողություն մաղթելով նրանց՝ ուզում եմ ավելացնել, որ եթե նույնիսկ հայտնաբերենք նախակրթարանում պլանշետների օգտագործման ավելի արդյունավետ, ավելի հետաքրքիր ու հաջողված ձևեր, պետք չէ մոռանալ դարերից եկող հարատև ճշմարտությունը առ այն, որ փոքր երեխաները ամենից լավ սովորում են մարդկանց և տարբեր առարկաների հետ անմիջական շփումով, ինչը զարգացնում է նրանց լեզուն ու մտածողությունը, դրդում է իրավիճակին համապատասխան գործողությունների ու գործունեության: Տեխնոլոգիան վաղ հասակի երեխաների ուսումնական ծրագրի միայն մի մասն է: Այն պետք է այլ գործունեությունների հետ հավասարակշռված և ստեղծականորեն օգտագործել:

Աղբյուրներ

Դիտումներ (0)

Яндекс.Метрика