Մայիսիկ

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մայիսիկ» ստուգատես

 Անցկացման վայրը՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Օրը՝ մայիսի 30
Սկիզբը՝ 11:00

Մասնակիցներ`
Արևելյան դպրոց-պարտեզի 6 տարեկաններ, Լիլիթ Սահակյան, Մարինե Ոսկանյան
Արևմտյան դպրոց-պարտեզի 6 տարեկաններ, Մարինե Մարտիրոսյան, Սոֆյա Գրիգորյան
Հարավային դպրոց-պարտեզի 6 տարեկաններ, Գոհար Սմբատյան, Կատյա Գրիգորյան
Հյուսիսային դպրոց-պարտեզի 6 տարեկաններ, Մարի Միքայելյան, Հասմիկ Մաթևոսյան
Քոլեջի 6 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Մարինե Մկրտչյան

Այլ մասնակիցներ՝ ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:

Մասնակիցների մուտքը գունավոր շապիկներով, գլխարկներով, խուրջին-ուսապարկերով։

Վիճակի (գուշակության) խաղ

Երեխաները շրջանով նստում են խոտերին և սկսում խաղալ վիճակի խաղը։ Նախապես թղթերի վրա գրում ենք բառեր, մաղթանքներ և լցնում քսակի կամ կճուճի մեջ։ Երեխանեից մեկը հանում է թուղթը և փորձում իրականացնել կամ ներկայացնել թղթի վրա գրված բառը կամ մաղթանքը։

Ծրագրում՝

Երգում ենք Համբարձման երգեր

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Լուսնի լուսնակը ես եմ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծովի ձըկնակը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.
Գիշերով փախչող աղջիկ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Հետիդ ընկերը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Արտի միջակը խոտ է,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծաղիկը խընկահոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.
Էրթանք ծաղիկ քաղելու,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Քանի Համբարձում մոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հոյ Մայրամ
Հոյ Մայրամ, Մայրամա,
Հոյ Մայրամա, Մայրամա:
Մայրամ, արի էս պարը,
Հոյ Մայրամ, Մայրամա,
Մեզ համար կասեմ խաղը,
Հոյ Մայրամա, Մայրամա:
Հոյ Մայրամա, Մայրամա:
Մայրամ, Մայրամ քուր ունիմ,
Հոյ Մայրամ, Մայրամա,
Նռան հատիկ, լալա ա,
Հոյ Մայրամա, Մայրամա:
Լուսնակը բոլորել է,
Հոյ Մայրամ, Մայրամա,
Ամպի մեջ մոլորել է,
Հոյ Մայրամա, Մայրամա:
Մայրամի պարի համար
Հոյ Մայրամ, Մայրամա,
Զուռնաչուց խըռովել է,
Հոյ Մայրամա, Մայրամա:
Մանդրիկ թփիկ ըռեհան
Մանդրիկ թփիկ ըռեհան,
Էլնինք սարերը սեյրան.
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Քաշվի, նախըրչու տղա:
Էլնինք սարերը արոտ,
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Տեսնենք՝ ում քուրն է խորոտ,
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Քաշվի, նախըրչու տղա:
Օսկին ճակտիս շարել եմ,
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Վարդ-մանուշակ ճարել եմ,
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Քաշվի, նախըրչու տղա:
Սարեր, ձորեր ման արի,
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Արևի հետ տուն արի,
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Քաշվի, նախըրչու տղա:

Վիճակի երգ
Մանի ասեմ ու շարեմ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Լցնեմ տոպրակն ու կարեմ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:
Ծաղիկ ունեմ նարընջի,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Տըղա, վեր արի փընջի,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ոսկին ծալեծալ կուզեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Ծաղիկ ունեմ` ալա յա,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ալա չի, ալվալա յա,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Արևը կամար-կամար,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Կապել ես ոսկե քամար,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Սարեն կըգա ձիավոր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Մեր տունը չարդախավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Հըրես եկավ իմ աղբեր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Երեք օրվա թագավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Ռոդարիական մարզական խաղեր

Յուրաքանչյուր դպրոց ներկայացնում է իր խաղը: Մասնակիցները խաղում են բոլոր խաղերը:

Հարավային դպրոց

Խաղ 1. Մոմ
Սովորողները կանգնում են երկու շարքով:  Առաջին մասնակիցը փոքրիկ գնդակը գլանի վրա դրված  զգուշությամբ գնում է օղակի միջով անցնում և վերադառնում է: Այնուհետև ձեռքի «Մոմը» փոխանցում է հաջորդ մասնակցին: Խաղը շարունակվում է այնքան, մինչև բոլոր մասնակիցները կխաղան:
Խաղ 2. Փուչիկ
Յուրաքանչյուր սովորողի ոտքին կապում ենք փուչիկ:  Սովորողները կանգնում են երկու շարքով: Պետք է հասնել մինչև օղակը  այնպես, որ փուչիկը գետնին չդիպչի: Ում փուչիկը կդիպչի գետնին ու կպայթի, խաղից դուրս կգա:  Կհաղթի այն թիմը, ում խմբում շատ փուչիկներ կմնան:

Հյուսիսային դպրոց

Խաղ 3. Լաբիրինթ
Նախապես ծառերից  անհամաչափ կապված թելերի միջով պետք է անցնենք այնպես, որպեսզի թելերին չդիպչենք։ Պարտվում է նա, ով լաբիրինթն անցնելուց դիպչում է թելերին։

Արևմտյան դպրոց

Խաղ 4. Գնդակախաղ
Փոքրիկ սպունգե գնդակներին ամրացնում ենք ռեզինե թելեր։ Ծառին ամրանցնում ենք սպիտակ թղթեր սպունգը ներկի մեջ թրջելուց հետո նետում ենք սպիտակ թուղթը և նկարում։ Ամեն անգամ նետում է մեկը և շարունակում ընկերոջ նկարը։

Արևելյան դպրոց

Խաղ 5. Օղակախաղ
Սովորողները կանգնում են շրջանով՝ միմյանց ձեռքերը բռնած։ Օղակը հերթով անցնում է շրջանի միջով՝ առանց մասնակցի ձեռքը թողնելու։ Պետք է մարմնով անցնել օղակի միջով այնպես, որ շրջանը չխախտվի։ Պարտվում է նա, ով ձեռքը առաջինը բաց կթողնի, և դուրս է գալիս շրջանից։

Քոլեջ

Պարկացատկ
Սովորողները բաժանվում են երկու խմբի, յուրաքանչյուր խումբ ուենում է մի պարկ։ Սովորողները հերթով մտնում են պարկի մեջ և ցատկելով գնդակը հասցնում են նախապես որոշված տեղում, հետո՝ վերադառնում ու կանգնում վերջում։ Մյուս սովորողը պարկով ցատկելով գնում է գնդակի ետևից և այդպես շարունակ։

Հյուրասիրություն`  վարունգ, գազար:

 Պատասխանատու՝ Հյուսիսային դպրոց՝ Մարի Միքաելյան և ընկերներ

 

Դիտումներ (0)

Яндекс.Метрика