«Իմացումի հրճվանք» ծրագրի կազմակերպումը 5-6 տարեկանների դասարաններում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը կրտսեր դպրոցական տարիքի սովորողների համար, որի ղեկավարը դասվարն է: 5-6 տարեկանների խմբերի դասվարների բլոգները հրապարակված են:

2016-2017 ուստարում «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի առաջին հատվածում ընդգրկված են 5-6 տարեկանները: Կրթահամալիրի կրտսեր դպրոցներում ու Քոլեջում գործում են 5 տարեկանի նախապատրաստական դասարաններ: Կրթահամալիրի կրտսեր դպրոցներում գործում են 6 տարեկանների առաջին դասարաններ: 5-6 տարեկանների դասարանները հանդիսանում են որպես մուտք, որտեղ գործունեությունը կազմակերպվում է տարիքային, ֆիզիկական ու հոգեբանական առանձնահատկություններին համապատասխան՝ հաշվի առնելով անհատի կրթական պատվերը: Ուսուցումը առկա է, կիրառելի են հեռավար, առցանց ուսուցման տարբերակները:

Ծրագրի հիմնական նպատակը ստեղծող, անընդհատ կրթվող և ինքնակրթվող, ինքնուրույն, սոցիալապես ակտիվ անհատի ձևավորումն է:

Ուսումնական գործունեությունը կազմակերպվում է ուսումնական պլանի հիման վրա՝ ըստ ուսումնական օրացույցի:

5-6 տարեկանի ուսումնական գործունեությունը կազմակերպվում է ֆիզիկական և մեդիա միջավայրում:

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրն իրականացնում է անառարկայական, ինտեգրված նախագծային ուսուցում, որը ներառում է առավոտյան ընդհանուր պարապմունքը, ամենօրյա օտար լեզվի (անգլերեն, ռուսերեն) պարապմունքները, եռամարտը (վազք-լող-հեծանիվ), ուսումնական ճամփորդությունները, ստուգատեսները, տոները, ծեսերը, ֆլեշմոբները: Ուսուցումը կազմակերպվում է թվային տեխնիկական միջոցների կիրառմամբ՝ նեթբուք-նոթբուք, պլանշետ, համացանց, ֆոտոխցիկ, ձայնագրիչ: Սովորողներն օգտվում են դասվարի բլոգից, մեդիագրադարանից, «Բզեզ» կայքից: Կիրառվում են էլեկտրոնային ու թղթային ուսումնական նյութեր: Սովորողներն ունեն էլեկտրոնային փոստ. գործածում են ծնողի օգնությամբ:

5 տարեկանի նախապատրաստական դասարանի գործունեության կազմակերպումը

Դասարանի սան է 5-6 տարեկան երեխան, ում ծնողը ընտրել է Ծրագիրը և Ծրագրի ղեկավարի հետ կնքել համապատասխան պայմանագիր։ Հետագայում դասարան սահմանված կարգով կարող է ընդունվել կրթահամալիրի կրտսեր դպրոց-պարտեզում նախապատրաստական ուսուցման ծրագիրը չստացած սովորողը՝ իր զարգացման մակարդակի, առանձնահատկությունների ու պատրաստվածության աստիճանի համապատասխան:

Ուսումնառության պայմանագրով որոշված կարգով դասարան ընդունվում է երեխան, ում 5 տարին լրանում է մինչև ընթացիկ տարվա  դեկտեմբերի 31-ը:
Ծրագրի ղեկավարը ծնողի հետ կնքում է պայմանագիր, որով կարգավորվում են կողմերի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները:
Սովորողների թիվը դասարանում` 20-25: Պայմանագիր կնքելուց առաջ դպրոցի  կամ  դասարանի ղեկավարը ծնողին ծանոթացնում է դասարանի գործունեությանը, նյութական և ուսումնական պայմաններին: Գործունեության ողջ ընթացքում հարգվում են սովորողի իրավունքները, անհատականությունը:

Սովորողը ուսուցման հաջորդ  փուլ՝ ուսուցման հաջորդ տարի, տեղափոխվում է  դասարանի ղեկավարի ներկայացմամբ, ծնողի համաձայնությամբ. անհրաժեշտության դեպքում` հատուկ մասնագետի երաշխավորությսմբ: Սովորողի անցումը դասարանից դասարան ուսումնական տարվա ավարտին-սկզբին չի համապատասխանում։ Ծրագրի 2-րդ տարում սահմանված կարգով կարող է ընդունվել կրթահամալիրի կրտսեր դպրոց-պարտեզում նախապատրաստական ուսուցման ծրագիրը չստացած սովորողը՝ իր զարգացման մակարդակի, առանձնահատկությունների ու պատրաստվածության աստիճանի համապատասխան: Դասարանում ծրագրված քառամյա ուսումնական գործունեության արդյունքում սովորողը ՀՀ ԿԳՆ սահմանած կարգով մասնակցում է 4-րդ դասարանի ավարտական ստուգումներին և տեղափոխվում 5-րդ դասարան։ Մինչև այդ ստուգումն անցնելը ծրագրի ցանկացած փուլում այլ ուսումնական հաստատություն տեղափոխվելիս սովորողին տրվում է իր տարիքային խմբի դասարանում սովորողի տեղեկանք:

Դասարանի գործունեությունն սկսվում է ժամը 9.00 և ավարտվում 17.00:

Յուրաքանչյուր ամիս կազմակերպվում են ամսիկ ստուգատեսները:

6 տարեկանի առաջին դասարանի ուսումնական գործունեության կազմակերպումը

6 տարեկանի առաջին դասարան ընդունվում է այն սովորողը, ում 6 տարին լրանում է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը:

Սովորողն իր ընտրությամբ շաբաթական երկու ժամ մասնակցում է «Երաժշտական գործունեություն», «Կերպարվեստ», «Մարմնամարզություն», «Մաթեմատիկա բանավոր» դասընթացներից մեկին:

Սահմանված կարգով սովորողը կարող է ընտրել երկարացված օրվա ծրագիրը:

Ուսումնական արձակուրդը կազմակերպվում է «Ուսումնական աշուն», «Ուսումնական ձմեռ», «Ուսումնական գարուն», «Ուսումնական ամառ» նախագծերի միջոցով:

Գնահատումը գնահատանիշով չի արվում: Յուրաքանչյուր կիսամյակի վերջում լրացվում է սովորողի զարգացման բնութագիրը: Տարվա ընթացքում էլեկտրոնային մատյանի համապատասխան բաժնում գրանցվում են ֆլեշմոբներին, ստուգատեսներին, նախագծերին մասնակցության արդյունքները, ցուցանիշները:

 

 

Դիտումներ (0)

Яндекс.Метрика